Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հարց լուծողը կամայականությունն է

Հարց լուծողը կամայականությունն է
08.07.2008 | 00:00

«Հայաստանը մտել է խիստ վտանգավոր շրջան, որտեղ արտացոլված են և ներքին ժողովրդավարական պահվածքը, և՛ արտաքին մարտահրավերները»,- երեկ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանում ժողովրդավարության դեֆիցիտը, իշխանության լեգիտիմության բացը անմիջականորեն ազդում են մեր երկրի արտաքին վարկանիշի վրա։ Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի քննարկմանը՝ Հովհաննիսյանը փաստեց, որ Հայաստանն իր պետական մոտեցմամբ և պատվիրակության միջոցով ողջ մտավոր, նյութական, ֆինանսական էներգիան ներդրեց այդ նպատակն իրագործելուն, որ մի քիչ ավելի ընդունելի լինի Հայաստանին վերաբերող բանաձևը։ «Բարձիթողի վիճակում են մեր արտաքին հարաբերությունները, հատկապես արցախյան հիմնահարցը»,- շեշտեց «Ժառանգության» ղեկավարը՝ հավելելով, որ այստեղ արդեն մեղավորներ փնտրելու խնդիր չի դրված, քանզի յուրաքանչյուրը պետք է զգա պատասխանատվության իր չափը։ «Եթե ունենայինք ժողովրդավարության նվազագույն պայմաններ, հանձնած լինեինք ժողովրդավարության քննությունը, նորմալ ընտրություններ անցկացնեինք, ապա Հայաստանի պատվիրակության ջանքերը կուղղվեին ոչ թե Հայաստանի համար այդ բանաձևն ընդունելի դարձնելուն, այլ Ադրբեջանի բանաձևի դեմ աշխատելուն։ Հայաստանի գրեթե բոլոր պատվիրակություններն աշխատում են իրենց արդյունավետության, ներուժի միայն 10 տոկոսով։ Սա բխում է նաև պետական դրվածքից։ Հերիք քավության նոխազներ փնտրենք մեզանից դուրս»,- շեշտեց Հովհաննիսյանը` նշելով, որ այլևս պետք չէ պատրանք ունենալ, որ կարող ենք սքողել, պարտակել ժողովրդավարության բացերը։ Բանախոսը նաև համոզված է, որ այսօր Հայաստանը ԵԽ-ին արժանի չէ, ավելին, բավականին մտահոգիչ համարեց ԵԽԽՎ-ի նախագահի հայտարարությունն Ադրբեջանում ԼՂ-ի հիմնախնդրի հետ կապված, ինչպես նաև նախօրեին Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական համագործակցության պայմանագրի ստորագրումը։
Խոսելով ներքաղաքական խնդիրներից՝ Րաֆֆի Հովհաննիսյանը Համաժողովրդական շարժման հանրահավաքներին իր չմասնակցելը պարզաբանեց հետևյալ կերպ. «Ես իմ գործունեությունը ծավալում եմ այնպես, ինչպես համարում եմ արդյունավետ և ճշգրիտ։ Այնտեղ ոչ թե սոսկ ընդդիմությունն է, այլ Հայաստանի քաղաքացիական զանգվածը, և մի օր կարող է ես էլ մասնակցեմ ու ելույթ ունենամ»։ Իսկ ընդհանուր առմամբ նա կարծում է, որ հարթակում լինել-չլինելը երկրորդական է, քանի որ «կանգնած ենք Հայաստանի միջազգային հեղինակության ապալեգիտիմացման անդունդի առաջ»։ Արտահերթ ընտրությունների նպատակահարմարության և կուսակցության հետագա ռազմավարության մասին էլ Հովհաննիսյանը նախընտրեց խոսել կուսակցության համագումարից հետո, այդուհանդերձ, արձանագրելով. «Արտահերթ ընտրությունն այս իրավիճակի լիցքաթափման ձևերից մեկն է, պետք չէ այն բացառել։ Եթե մինչ այդ կարելի է հասնել համահասարակական համերաշխության նոր ձևաչափի, խնդրեմ։ Բայց որքան հետևել եմ վերջին շրջանի զարգացումներին, ապա մենք շատ հեռու ենք այդ հեռանկարից»։ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հարցում էլ Հովհաննիսյանը նշեց. «Պետք չէ, որ ԵԽ-ն ինչ-որ պարտադրանք իջեցնի, որ ժամանակավոր հանձնաժողովն ընդունի այս կամ այն դրույթը։ Եթե միայն ենթարկվելով պետք է այդ պատասխանատվությունն իրացնենք ու նաև ինչ-որ մեկի ցուցմունքին սպասելով ու նրանց պարտադրանքով, ապա չենք կարող հանձնաժողովի հանդեպ վստահության հասնել»։ Նա նաև վերահաստատեց, որ «Ժառանգությունը» հանձնաժողով է «գործուղել» այս պահին ձերբակալված երկու պատգամավորների, ովքեր, ըստ բանախոսի, «անմեղ են»։ Այս անգամ ևս «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հանձնաժողովին պայման է առաջադրում՝ հանրապետության երեք նախագահներին էլ հրավիրել պարզաբանումների, հատկապես երկրորդ նախագահին, որն այդ օրերին պաշտոնավարել է։
Ինչևէ, Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ այսպես շարունակելն անհնար է, և եթե չլինեն բովանդակային փոփոխություններ, ապա միակ ելքը արտահերթ ընտրություններն են։ Իսկ այն, ինչ այսօր իշխանություններն անում են, ըստ նրա, ընդամենը մակերեսային բարեփոխումներ են, բայց դրանք իրականություն չեն կարող դառնալ, քանի դեռ երկրում օրենքի իշխանություն չկա, և կամայականությունն է հարցեր լուծողը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6745

Մեկնաբանություններ